ՄԱԶԾ-ն օժանդակում է 21-րդ դարի հմտությունների ձեռքբերմանը

15 հունիսի 2023

ՄԱԶԾ «Հայաստանի մարզաբնակ երիտասարդների զբաղվածության և տնտեսական հնարավորությունների բացահայտում» ծրագիրը «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացնում է 3D մոդելավորման դասըթնացներ Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց Ձորում և Սյունիքում բնակվող 72 երիտասարդների համար: Չորսամսյա ուսուցման ծրագիրը մեկնարկել է 2023թ․ հունիսին և կշարունակվի մինչև հոկտեմբեր։ Վերապատրաստումն իրականացվում է ինչպես դեմ առ դեմ, այնպես էլ առցանց դասընթացների եղանակով։

«Արեն Մեհրաբյան» հիմնադրամը ստեղծել է ոչ ֆորմալ կրթության համակարգ՝ նպատակ ունենալով տեխնիկական դասընթացների միջոցով այնպիսի մասնագետներ պատրաստել, որոնք հետագայում կարող են աշխատել բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Ոչ ֆորմալ կրթության համատեքստում ուսուցումը կարճաժամկետ է և հարմարեցված է վերապատրաստվողների անհատական կարիքներին։

Կարևորելով ժամանակակից հմտությունների նշանակությունը հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում՝ 3D մոդելավորման ուսուցման ծրագիրն իրականացվում է տեղական աշխատաշուկայում բարձր պահանջարկի առկայության համաձայն։

ՄԱԶԾ ծրագրի համակարգող Կարինե Սիմոնյանը շեշտում է 3D մոդելավորման հզոր ներուժը․ «Այս կրթական ծրագիրը ներառում է ճարտարապետության, նախագծի ձևավորման, խաղերի նախագծման, անիմացայի վերաբերյալ դասընթացներ։ ՈՒսուցումը կզինի երիտասարդներին 21-րդ դարի հմտություններով՝ մեծացնելով աշխատաշուկայում նրանց զբաղվածության և ինքնազբաղվածության հնարավորությունները»։

Ծրագիրը, ուղղված լինելով Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերին, հնարավորություն է տալիս երիտասարդներին ձեռք բերել թվային հմտություններ, որոնք կնպաստեն նրանց աշխատանքի անցնելու հնարավորությանը և տարածաշրջանային աշխատաշուկային ինտեգրմանը։ Վերապատրաստման դասընթացի միջոցով այս նախաձեռնությունը նպատակ ունի աջակցելու հայաստանյան երիտասարդության ընդհանուր սոցիալ-տնտեսական զարգացմանը, տրամադրելու նրանց ժամանակակից գիտելիքներ և հմտություններ՝ թվային ժամանակաշրջանում արժանապատիվ աշխատանքով ապահովված լինելու համար։

«Հայաստանի մարզաբնակ երիտասարդների զբաղվածության և տնտեսական հնարավորությունների բացահայտում» ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի մարզերում երիտասարդների բարեկեցությանը և ներուժի զարգացմանը՝ բարելավված կրթական հնարավորությունների, սահուն անցումը դեպի աշխատաշուկա ապահովելու և ձեռներեցության խթանման միջոցով։